April 12, 2022, 10:16 PM



 Շների աչքերի կառուցվածքը թույլ է տալիս նրանց զանազանել միայն դեղին ու կապույտ լույսի ճառագայթները։ 

Չնայած նրան, որ մենք՝ շներս, սահմանափակ քանակով գույներ ենք ընկալում, այնուամենայնիվ ընկալում ենք գարնան գալուստը։ Ապրիլ ամսին աշխարհը գունավորում է ստանում։ Ապրիլին արևը տաք է։ Ինձ արևը դուր էր գալիս, վերջապես այն դուրս էր եկել ու հողի խոնավությունը չքացել էր։ Խոտը այրվում էր նորափթիթ կանաչով ու օդը անուշ բուրմունքով էր լցված։ Երկինքն էլ անամպ էր, միայն մեջտեղում մի հրե գունդ էր վառվում ու լուսավորում աշխարհը։ Ես ազատ, փողոցային շուն եմ։ Երբ սոված եմ, մի կտոր հաց եմ հայթայթում ու վայելում այն։ Երբ սիրտս կամենում է՝ պառկում ու քնում եմ։ Անձրևի ժամանակ նույնիսկ՝ կարող եմ վազվզել փողոցներով, կեղտոտվել ու թացանալ։ Կախված եմ միայն իմ բնազդներից, բայց ու՞մ է դա հետաքրքիր։ Ինձ խղճում են, բայց ես աշխարհիս երեսին ամենաազատ արարածն եմ։ Ապրում եմ ու վայելում այս գարնանային կեսօրը։ Ես ազատ եմ։


Ուզում էի ամենահարմար տեղը գտնել խոտերի մեջ, պառկել ու քնել։ Նոր բուսնած կանաչի մեջ մի փափուկ տեղ գտա, թաթերով տրորեցի ու ծալեցի ոտքերս, ապա պառկեցի ու դունչս առաջ տարա։ Նոր խոտի հոտը ու հաճելիորեն խանձող արեգակն ինձ շուտով թմրեցրին։ Անրջում էի լավ օրերի մասին, երջանկանում։ Մտածում էի, ինչ լավ է այն կապած շներից չեմ, որ միայն իրենց հետ թափառող մարդուն են ենթարկվում։ Ես կարող եմ անել ինչ կամենամ։ Կիսաքուն վիճակում էի, երբ ինձ մոտեցող ոտնաձայներ լսեցի։ 


Աչքերս բացեցի ու դիմաց մի հսկայածավալ մարդ էր կանգնել։ Ախ, այս մարդիկ այնքան տարօրինակ են։ 


- Բարև շունիկ։ 


Ես դիմացիս թաթերը ուղղել էի ու գլուխս բարձրացրել։ Զգում էի, որ պոչս ինքնաբերաբար տարուբերվում է։


- Վա՜յ իմ անուշ, սիրուն շուն ես։


Մարդը խոսում ու խոսում էր ինձ հետ, անընդհատ ինչ որ բաներ էր ասում, որ անհասկանալի էին ինձ համար, քանի որ ես քնաթաթախ էի։ Ես լուռ հետևում էի նրա շարժուձևին,  այս մարդը ինձ ուղղված սիրող խոսքեր էր բլբում։ 

Մարդը դանդաղորեն փորձում էր ձեռքը ինձ մոտեցնել, որ գլուխս շոյի։ Ես նրան ընդառաջեցի ու գլուխս մոտեցրի նրա ձեռքին։ Նրա տաք ձեռքը գուրգուրում էր իմ գլուխը, ու ես աչքերս փակելով վայելում էի այդ պահը։ Մարդու մատները սահում էին գլխիս վրայով, ապա ցած էին իջնում մեջքիս վրա։ Ես պառկեցի մեջքիս վրա և թաթերս թողեցի օդում լողան։ Ուզում էի փորս քորեր։ Մարդն էլ ենթարկվում էր իմ քմահաճույքներին ու երկար քորում էր փորս։ Մեկ-մեկ ինչ որ բաներ էր շշնջում։ Ես տարերքի մեջ էի։ 


Մարդիկ երկու տեսակի են լինում ՝ շներին սիրող ու շներին չսիրող։ Ինչ վերաբերվում է այս մարդուն, նա այս երկու տեսակներից և ոչ մեկին չի պատկանում։ Իմ մարդը բոլորից տարբեր էր, նա մեկ այլ ՝ երրորդ տեսակի մեկն էր։ Չգիտեմ ինչով են երրորդ տեսակի մարդիկ տարբերվում առաջին երկուսից։ Ինչևէ, այդ ամենն ինձ մի կաթիլ անգամ չէր մտահոգեցնում։ 


Ինձ թվաց ՝ես ու իմ մարդը շա՜տ արագ ընկերացանք։ Երկար ժամանակ ինձ գուրգուրելուց հետո նա ոտքի վրա ելավ, աչքերն ինձ հառած՝ նշաններ անելով ասում էր հետևեմ իրեն։ Մարդը չէ՞ր տեսնում որ ես քնել էի ուզում։ Այնուամենայնիվ, ես որոշեցի քայլել նրա ետևից։ Երբեմն նա վազում էր, ես էլ կրկնօրինակում էի նրան ու այդպես մենք խաղում էինք։ Հաճախ ինձ մոտեցնում էր ձեռքը, գլուխս շոյելու նպատակով։ Մարդու հետ երկար զբոսնեցի, ամեն բան պարզապես հրաշալի էր։ Վազում էինք այգով, ու հանկարծ ես նկատեցի ինչպես են մի երեք շուն հեռվից ինձ հետևում։ Ապա զգացի որ նրանք դանդաղորեն ինձ են մոտենում։ Երբ նրանք էլ նկատեցին որ տեսնում եմ իրենց, սկսեցին բարձր հաչալով մոտենալ ինձ։ Մի քանի շուն փորձում էին կռվել ինձ հետ ու ես վախից մոտեցա մարդուն, ով պապանձվել էր այգում ու հետևում էր գործողությունների ընթացքին։ Անգիտակցաբար ես նրանից օգնություն էի ակնկալում, ապա թաթերս դեմ տարա նրա փորին։ Շները տեսան մարդուն ու թողեցին գնացին։ Ես հետ քաշվեցի ու հետևում էի շների նահանջը, պոչս շարժելով ու հևալով։ Չափազանց ուրախ էի որ օդից մի մարդ էր հայտնվել, ով ինձ գուրգուրում ու սիրում էր, նաև պաշտպանում ինձ։ Երբ շները լիովին վերացան իմ տեսադաշտից ես շրջվեցի մարդու կողմը։ Միանգամից մարմինս սառավ, երբ մարդուն իմ ետևում կանգնած չգտա։ Երկար նայեցի դեսուդեն, բայց նա ոչ մի տեղ չէր երևում։ Տարակուսել էի ու չէի շարժվում։ Ինչու՞ նա լքեց։



Այնքա՜ն տարօրինակ են այս մարդիկ։ Նրանք գալիս են ու գնում, գալիս ու շոյում են գլուխդ, իսկ մյուս պահին նրանք հօդս են ցնդում։ Բայց իմ մարդը… Երրորդ դասակարգի իմ մարդը, ում ես վստահում էի իմ ամբողջ սրտով ինձ թողեց շների հետևից նայելիս։ Այգով մեկ վազում էի, փորձելով գտնել նրան, իսկ նա չկար ու չկար։ Հոգուս միջի էներգիան կարծես անհետացել էր։ Երբ պառկում էի խոտերի մեջ, ինձ թվում էր, թե ուր որ է իմ մարդը կհայտնվի իմ առջև, ու մենք էլի կխաղանք, անվերջ կուրախանանք։ Այդպես էլ երբեք չհասկացա որտեղ ու ինչ պատճառով նա կորավ։ Պարզապես գնաց ու նրանից հետո ապրիլն էլ զվարթ չէր, գույներն էլ միապաղաղ էին ու ես անընդհատ ծանրություն էի զգում։ 


Հաճախ, երբ անցորդ մարդկանց էի հետևում, նրանց մեջ կային այնպիսինները, որ նման էին այն մարդուն, որ մի ժամանակ առաջ այդքան սիրելի էր ինձ համար։ Ես չէի հիշում նրա հոտը կամ չափսերը։ Երբ անցորդներին նմանեցնում էի իրեն, անմիջապես վազում էի նրանց հետևից ու սկսում հոտոտել։ Հաստատ գիտեի որ էլի սխալ մեկի հետևից եմ վազում։ Այդպես երկար ժամանակ փնտրում էի նրան ու չէի գտնում։ Մի անգամ սակայն, ես պառկել էի զգում էի ինչպես են արևի ճառագայթները տաքացնում ինձ, երբ ծանոթ ոտնաձայներ լսեցի։ Մի մարդ քայլում էր իմ առջևով։ Ա՜խ այդ նա էր, ես դրանում գրեթե համոզված էի։ Վեր թռա և ու միանգամից վազեցի նրա մոտ, որ բարևեմ իմ հին բարեկամին։ Մոտեցա նրան ու թաթերով կրկին դիպա փորին։


- Հեռու գնա ՛, կեղտոտ շուն։


Վնգստալով հետ քաշվեցի ու տխուր նայեցի նրա հետևից։ Չգիտեմ ինչու, մի պահ մեջս պոռթկացի և ատամներս սկսեցին կրճտալ։ Մի բարձր հաչոցով այնպես թռա նրա վրա, որ միանգամից գլորեցի գետնին։ Նայում էի թե ինչպես է ձեռքերով երեսը փակել, որ չկծեմ։ Այնքա՜ն զայրացած էի նրա վրա։ Մի պահ նայեցի շուրջս, ու հասկացա որ հեռվից մի քանի մարդ մեզ են հետևում։ Կաղկանձ արձակեցի ու հետ քաշվեցի մարդու վրայից։ Նա գետնին էր գլորվել ու վախով ինձ էր նայում։


Շատ կարճ ժամանակ անց ինձ բռնեցին ու վանդակի մեջ փակեցին ինչ որ աշխատողներ։ Իմ մնացած կյանքը ես այդպես էլ անց էի կացնում փակված։ Նույնիսկ մնացած շներն այլ վանդակի մեջ էին։ Երբեք այդպես էլ չվայելեցի ազատությունը, ինձ այլևս ոչ ոք չթողեց ազատորեն պառկել խոտերի մեջ ու զգալ արևի ջերմությունը։ Այլևս չէի կարող վազվզել։ Այլևս չտեսա իմ մարդուն։ 


Comments

Popular Posts